Ադրբեջանը BRICS-ին անդամակցելու պաշտոնական հայտ է ներկայացրել․ Հաջիզադե
Ադրբեջանը BRICS-ին անդամակցելու պաշտոնական հայտ է ներկայացրել՝ տեղեկացրել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։
Ավելի վաղ BRICS-ին միանալու Բաքվի ցանկության մասին էր հայտարարել Մոսկվայում այդ երկրի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն։ Նա նշել էր, որ այդ հարցը քննարկվում է ռուսական կողմի հետ:
Հուլիսի 3-ին Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում Ադրբեջանի և Չինաստանի միջև ընդունված՝ ռազմավարական գործընկերության հռչակագրի համաձայն՝ ադրբեջանական կողմը ցանկություն է հայտնել անդամակցել BRICS-ին, իսկ չինական կողմը ողջունել է Բաքվի ցանկությունը։
BRICS-ը միջկառավարական կազմակերպություն է, որը ստեղծվել է 2006 թվականին։ Կազմակերպությանը անդամակցում են Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը, Բրազիլիան, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը և Արաբական Միացյալ Էմիրությունները: