ՀԱՄԱՍ-ը Դոհայի բանակցություններն արդյունավետ չի համարում
Էնթոնի Բլինքենը ԱՄՆ-ի, Կատարի, Եգիպտոսի և Իսրայելի ներկայացուցիչների մասնակցությամբ օրերս Դոհայում տեղի ունեցած բանակցությունների ֆոնին մեկնել է Իսրայել: Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպումից հետո ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ Իսրայելն ընդունում է Գազայում հրադադարի մասին ԱՄՆ-ի «միջանկյալ առաջարկը»: Նա կոչ է արել ՀԱՄԱՍ-ին նույնն անել։
Բլինքենն Իսրայելից ուղևորվել է Եգիպտոս և Կատար: «Ջանքեր ենք գործադրում՝ խուսափելու էսկալացիայից և ցանկացած գործողությունից, որ կարող է հեռացնել մեզ հրադադարի և պատանդների ազատ արձակման հնարավոր համաձայնագրից»,- շեշտել է դիվանագետը։
ՀԱՄԱՍ-ից արձագանքել են Բլինքնեի խոսքերին, հայտարարել, որ հրադադարի մասին միջնորդների առաջարկում խնդրահարույց կետեր կան, որոնք տարբերվում են ի սկզբանե համաձայնեցված տարբերակից: Շարժման ներկայացուցիչը Reuters-ի հետ զրույցում նշել է, որ Դոհայի բանակցություններն արդյունավետ չեն եղել, ինչպես դա ներկայացնում են միջնորդները: Նա նաև մեղադրել է Իսրայելին՝ խաղաղության ճանապարհին խոչընդոտներ ստեղծելու համար:
Գազայի հատվածում հրադադար հաստատելու և պատանդներին վերադարձնելու ուղղությամբ դիվանագիտական ջանքերին զուգահեռ շարունակվում են ռազմական գործողությունները: Նեթանյահուի աշխատակազմից տեղեկացրել են, որ իսրայելցի զինվորականները ՀԱՄԱՍ-ի գերեվարած ևս վեց պատանդի դի են հայտնաբերել: Նշվում է, որ Գազայի հատվածում դեռ 100-ից ավելի գերի է պահվում:
Լարված է նաև Իսրայել-Լիբանան սահմանին: Կողմերը հայտնում են փոխադարձ հարվածների մասին: Ցահալի տվյալով՝ իսրայելական ուժերը ոչնչացրել են «Հեզբոլլահ» շարժման բարձրաստիճան ներկայացուցիչներից ևս մեկին: