Կուրսկի և Բելգորոդի շրջաններում մարտերը շարունակվում են
Կուրսկի շրջանում մարտերը շարունակվում են, ռուսական կողմը հայտնում է ուկրաինական ուժերի առաջընթացը կանխելու մասին: Բելգորոդի շրջանում ևս անհանգիստ է, տեղական իշխանությունը հայտնել է, որ անօդաչուներով հարվածների հետևանքով քաղաքացիական անձինք են տուժել:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերն այժմ վերահսկում են ռուսական 92 բնակավայր՝ 1250 քառակուսի կիլոմետր տարածքով։ Նրա խոսքով՝ ուկրաինական կողմն ուժեղացնում է դիրքերը և ռուս զինվորականների գերեվարում՝ հետագայում նրանց ուկրաինացի ռազմագերիների հետ փոխանակելու համար: Զելենսկին հավելել է, որ փոխանակման ֆոնդի համալրումը Կուրսկի շրջանում ուկրաինական գործողության նպատակներից մեկն է:
Ռուսական ուժերն էլ օդային հարված են հասցրել Կիևին: Ուկրաինայի զինված ուժերի տվյալով՝ խոցվել է երեք հրթիռ և 25 անօդաչու թռչող սարք: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։