«Բորդոյի» նախկին սանը համալրել է «Փյունիկը»
«Փյունիկը» պայմանագիր է կնքել 28-ամյա հայիթցի կիսապաշտպան Բրայան Ալսիուսի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Բրայանը ծնվել է Ֆրանսիայում և կարիերայի առաջին քայլերը կատարել է «Բորդոյում», որտեղ հասել է մինչև երկրորդ թիմ: Ֆրանսիայում նա հանդես է եկել տարբեր թիմերի կազմերում, սակայն ամենահեղինակավորը նրանցից «Փարիզն» է, որն այդ ժամանակ ներկայացնում էր Լիգա 2-ը: Ֆրանսիայի հեղինակությամբ երկրորդ լիգայում նա անցկացրել է 4 հանդիպում, իսկ գավաթի խաղարկությունում մասնակցել է մեկ մրցավեճի:
Բրայանը մեկ թիմի կազմում անցկացրած խաղերի քանակով անձնական ռեկորդ ունի ռումինական «Գազ Մետանի» կազմում՝ 46 հանդիպում: Հայիթցին ելույթներ է ունեցել նաև ռումինական մեկ այլ թիմում՝ «Արգեսում»: Երկրի գլխավոր առաջնությունում նրա ընդհանուր խաղերի թիվը հասնում է 52-ի, ևս 4-ն էլ նա անցկացրել է գավաթի խաղարկությունում:
Ալսիուսը պաշտպանել է նաև կիպրական Կատոկոպիայի «Դոքսիայի» և Նիկոսիայի «Օլիմպիակոսի» գույները: Կիպրոսի ազգային առաջնությունում նա 26 հանդիպման է մասնակցել: Բրայան Ալսիուսի տաղանդը Հայիթիում նկատել են 20 տարեկանում՝ հրավիրելով ազգային հավաքական: Մինչև հիմա Բրայանը հանդես է գալիս ազգային թիմում, ընդհանուր առմամբ, նա անցկացրել է 33 հանդիպում: