Սալոմե Զուրաբիշվիլիին հրավիրել են Կիև
Ուկրաինական կողմը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին հրավիրել է Կիև՝ մասնակցելու «Ղրիմի պլատֆորմի» 4-րդ գագաթնաժողովին, որը տեղի կունենա սեպտեմբերի 11-ին: Այս մասին «Ինտերպրեսնյուս» գործակալությանը պատմել է Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Միխայլո Խարիշինը։
Վրաստանի առաջնորդները Կիև չեն այցելել 2022 թվականին Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր։
2023-ին Զուրաբիշվիլին ծրագրել էր աշխատանքային այց կատարել Ուկրաինա, սակայն Վրաստանի կառավարության հավանությանը չէր արժանացել։ Նույն թվականին նա հայտարարել է, որ չի այցելել Ուկրաինա՝ իր գործընկեր Վլադիմիր Զելենսկու կողմից հրավերի բացակայության պատճառով։
Նախորդ տարի Զուրաբիշվիլին տեսաֆորմատով էր մասնակցել «Ղրիմի պլատֆորմի» գագաթաժողովին և դիմել էր դրա մասնակիցներին: Այս տարվա հունիսին նա մասնակցել է Կիևի նախաձեռնությամբ Շվեյցարիայում կայացած խաղաղության գլոբալ գագաթնաժողովին։ Այնտեղ նա բանակցություններ է վարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։