Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ս.Թադևոս և Ս.Բարդուղիմեոս առաքյալների տոնը
Դեկտեմբերի 1-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հանդիսավորապես տոնախմբել է Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների հիշատակը: Տոնի նախօրեին' նախատոնակի արարողության ժամանակ, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Ս. Տաճար էին բերվել Մայր Աթոռում պահվող Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների մասունքները:
Տոնի առիթով Մայր Տաճարում մատուցվել է Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի միաբան Տ. Հուսիկ աբեղա Սմբատյանը: Անդրադառնալով տոնի խորհրդին' պատարագիչ Հայր Սուրբն իր քարոզում նշեց. «Երանելի առաքյալների լուսավորչական գործունեությունը միայն պատմություն կամ ավանդություն չէ, այլ նախևառաջ հավատի և սիրո կենդանի վկայություն և քարոզ: Մինչև իրենց քարոզչությունն ու նահատակությունը երանելի առաքյալները եղան ականատեսն ու ականջալուրը Քրիստոսի քարոզների ու հրաշքների: Իրենց կյանքով ու գործունեությամբ ապրելով Տիրոջ բերած բարի լուրի խորհուրդը' նրանք դարձան Հայ Առաքելական Եկեղեցու հիմնարար սյուները և լավագույն օրինակը քրիստոնեության զորության ու կենսունակության:
Սրբազան առաքյալներն իրենց կյանքի օրինակով ցույց տվեցին մեզ, որ Քրիստոսի մասին իրական վկայությունը չի կարող սահմանափակվել պարզապես ուսմունքի վերացական ընդունմամբ և ոչ էլ հավատի սկզբունքների ու բարոյական նորմերի մեկնաբանությամբ: Իր էության և հիմքի մեջ քրիստոնյայի վկայությունը կենդանի վկայություն է կենդանի Քրիստոսի մասին, ով անսահմանորեն սիրում է մեզ, ցանկանում է երկխոսության մեջ մտնել մեզ հետ և ուղեկցել մեզ մեր երկրային կյանքի ճանապարհին»:
Կարևորելով Հայ Եկեղեցու առաջին լուսավորիչների դերն ու բարեխոսությունը յուրաքանչյուր հայորդու կյանքում' իր խոսքի ավարտին հոգեշնորհ Հայր Սուրբը հորդորել է հավատացյալներին հավատարիմ մնալ առաքելահաստատ Հայոց Եկեղեցուն, անաղարտ պահել քրիստոնեական նկարագիրը և հավատի, սիրո ու ազնվության վեհ առաքինությունների վրա կառուցել իրենց կյանքը: