Ջուրը պլաստիկից մաքրելու արդյունավետ մեթոդ է մշակվել
Միացյալ Նահանգների Միսուրիի համալսարանի գիտնականները նանոպլաստիկներից ջուրը մաքրելու արդյունավետ մեթոդ են մշակել: Shantnews-ի փոխանցմամբ՝ հետազոտության արդյունքները հրապարակվել են ACS Applied Engineering Materials ամսագրում:
Նանոպլաստիկները պլաստիկի միկրոսկոպիկ մասնիկներ են, որոնք իրենց չափերով զգալիորեն փոքր են, քան մարդու մազը: Այս մասնիկները բացասական ազդեցություն են ունենում ջրային էկոհամակարգի վրա և կարող են ներթափանցել սննդի շղթա՝ վտանգ ներկայացնելով ինչպես վայրի բնության, այնպես էլ մարդկանց առողջության համար:
Մեթոդը հիմնված է բնական բաղադրիչներից պատրաստված ջրազերծող լուծիչների օգտագործման վրա: Աղտոտված ջրի մեջ լուծիչ ավելացնելուց հետո այն կլանում է նանոպլաստիկները, այնուհետև յուղի պես լողում է մակերեսին: Հետազոտողները այնուհետև հեռացնում են լուծիչը պլաստիկից՝ թողնելով մաքուր ջուրը: Նոր մոտեցումը կարող է ջրից հեռացնել նանոպլաստիկների ավելի քան 98 տոկոսը:
Փորձարկվել են հինգ տարբեր չափերի նանոպլաստիկ մասնիկներ, որոնք հիմնված են ամենատարածված պլաստիկ նյութերից մեկի՝ պոլիստիրոլի վրա: Մեթոդը բարձր արդյունավետություն է ցուցաբերել ինչպես քաղցրահամ, այնպես էլ աղի ջրի մեջ, ինչը այն դարձնում է ունիվերսալ տարբեր պայմաններում օգտագործելու համար: