«Պետբյուջեից մարզ եկած գումարները պետք է ծախսվեն նպատակային»․ Շիրակի մարզպետ
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ հետևել է Ամասիա համայնքի Արեգնադեմ և Բերդաշեն բնակավայրերում կառուցվող դպրոցների մոդուլային շենքերի շինարարական աշխատանքների ընթացքին։
Առաջին կանգառը Արեգնադեմ բնակավայրում էր, որտեղ դիտարկվել է «Արեգնադեմի միջնակարգ դպրոցի» շենքի շինարարական աշխատանքների ընթացքը։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 748 մլն 540 հազար դրամ, 2024 թվականի պետական բյուջեով նախատեսվել է 390 մլն 485 հազար դրամ։
Մոդուլային ուսումնական հաստատությունն ունենալու է բոլոր հարմարությունները՝ փակ մարզադահլիճ, ֆուտբոլային խաղադաշտ, արևային ֆոտովոլտային կայան, ապահովված է լինելու ապաստարանով։ Այժմ ընթանում են կտուրի կառուցման և արտաքին պատերի ջերմամեկուսացման աշխատանքները։
Շինարարի հետ զրույցում մարզպետը նշել է, որ պետք է արվի հնարավոր ամեն ինչ՝ շինարարության որակն ապահովելու, գործընթացն արագացնելու և թերացումներից զերծ մնալու համար։
Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզային իշխանությունների հաջորդ կանգառը Բերդաշեն բնակավայրում էր։ «Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» ծրագրի շրջանակներում դպրոցի կառուցման աշխատանքներն այս պահին չեն ընթանում։
Մուշեղ Մուրադյանը մտահոգությունն է հայտնել շինաշխատանքների տեմպերի ու որակի մասով` նշելով, որ լիազորությունների շրջանակում անելու է հնարավոր ամեն ինչ՝ աշխատանքների անխոչընդոտ ընթացքն ապահովելու և թերություններից զերծ մնալու համար։
«Պետական բյուջեից մարզ եկած գումարները պետք է ծախսվեն նպատակային և յուրաքանչյուր աշխատանք պետք է կատարվի որակյալ, այլ տարբերակ քննարկվել անգամ չի կարող: ՀՀ կառավարությունը կրթական հաստատությունների կառուցման ու նորոգման համար անում է հնարավոր ամեն ինչ, ուրեմն մենք ամեն մեկս մեր մասով պետք է լինենք առավել քան ուշադիր ու հետևողական»,- շինարարի հետ զրույցում նշել է Շիրակի մարզպետը։
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող ծրագրի ընդհանուր արժեքը 723 մլն 213 հազար դրամ է, 2024-ի համար նախատեսվել է 276 մլն 712 հազար դրամ։