Հնդկաստանի ներկայացուցիչը զրկվել է օլիմպիական մեդալից․ հայտնի է պատճառը
Հնդիկ ըմբիշ Վինեշ Ֆոգատը չկարողացավ հասնել նրան, որ Մարզական արբիտրաժային դատարանը (CAS)-ը իրեն օլիմպիական արծաթե մեդալ շնորհի 50 կգ քաշային կարգում այն բանից հետո, երբ նա որակազրկվեց կշռման արարողության ժամանակ 100 գրամ ավելորդ քաշի պատճառով: Այդ մասին հաղորդվում է դատարանի կայքում։
Եզրափակչի նախորդ գիշերը Վինեշը հայտնաբերեց, որ իր քաշն ավելացել է 1 կգ-ով։ Նա ծանր գիշեր անցկացրեց՝ հեծանիվ վարելով, վազելով և այլ վարժություններ անելով: Մարզուհու մարզիչները ստիպված են եղել ծայրահեղ միջոցներ ձեռնարկել՝ կտրելով նրա մազերը։ Նա ամբողջ գիշեր արթուն է մնացել՝ հուսալով, որ մրցակցությունից առաջ կկարգավորի իր քաշը, սակայն նրան ընդամենը 100 գրամ չհաջողվեց կորցնել։ Ֆոգատի կարիերայի լավագույն Օլիմպիադան ավարտվեց աղետով։
Օգոստոսի 7-ին ամերիկուհի Սառա Հիլդեբրանդտի հետ ոսկու համար գոտեմարտից առաջ Ֆոգատը 100 գրամ ավել էր կշռում սահմանվող չափից, ինչի պատճառով որակազրկվեց և մնաց առանց մեդալի։
Ֆոգատը CAS-ին ուղղված իր դիմումի մեջ խնդրեց, որ իրեն արծաթ շնորհեն, սակայն մերժում ստացավ։
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Ֆոգատի հեռացումից հետո նրան անվանել է «երկրի հպարտություն և ոգեշնչում յուրաքանչյուր հնդիկի համար», փոխանցում է ArmSport-ը։