Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ երկաթուղային ընկերություն են ստեղծել
Վրաստանի և Ադրբեջանի երկաթուղային օպերատորներն ստեղծել են BTKI Railways համատեղ ձեռնարկությունը, որը պատասխանատու կլինի Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթգծի Մարաբդա-Կարցախի հատվածի ենթակառուցվածքային մասի շահագործման ու կառավարման համար:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը՝ վկայակոչելով «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ ղեկավար Ռովշան Ռուստամովին:
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը կառուցվել է 2007 թվականին ստորագրված Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջպետական համաձայնագրի հիման վրա։ Նախագծի իրագործումն սկսվել է 2008 թվականին, իսկ ԲԹԿ-ով բեռնափոխադրումների բացման արարողությունը տեղի է ունեցել 2017 թ. հոկտեմբերի 30-ին։
Սպասվում է, որ նախագծի գործարկումից հետո բեռնաշրջանառությունը տարեկան 1 մլն տոննայից կհասնի 5 մլն տոննայի։
Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղին ստեղծվել է 2014 թ. փետրվարին՝ Ադրբեջանի, Ղազախստանի և Վրաստանի ծովային ու երկաթուղային տրանսպորտի ոլորտում առաջատար ձեռնարկությունների մասնակցությամբ, հիշեցնում է լրատվամիջոցը։
Վրաստանի տարանցիկ դերն առանձնահատուկ նշանակություն ունի տնտեսության զարգացման գործում՝ հաշվի առնելով Չինաստանի, Թուրքիայի և ԵՄ-ի հետ ազատ առևտրի վերաբերյալ գործող համաձայնագրերը։ Վրաստանի դերն ուժեղացնելու համար ներկայում իրագործվում է Արևելք-Արևմուտք ճանապարհահատվածի մի մասի կառուցման մասշտաբային նախագիծը, որը Վրաստանի տարածքով կապում է Ասիան և Եվրոպան։