Բրազիլացու մահվան քննությունը կպարզի՞ եղելությունը. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրել էր, որ օգոստոսի 8-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» օդանավակայանում։ Բրազիլիայից Հայաստան ժամանած մի ուղեւորի ձեռքին ՊԵԿ մաքսային ծառայության աշխատակիցները շիշ են նկատել, հետաքրքրվել են՝ ինչ է մեջը, բրազիլիացին պատասխանել է՝ գինի։ Մաքսայինի աշխատակիցները շշի պարունակությունը ստուգելու փոխարեն, բրազիլացուն առաջարկել են խմել այն։ Հեղուկը խմելուց հետո նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է եւ նա րոպեներ անց մահացել է։
Տեղեկությունը իրավապահ համակարգում հնարավորինս գաղտնի են պահել՝ հաշվի առնելով, որ խոսքը գնում է պետական կառույցի մասին եւ մաքսայինի աշխատակիցների գործողություններում հանցակազմ է գծագրվում։
Սակայն տեղեկությունը գաղտնի պահել չստացվեց՝ բրազիլացու մահվան մասին լուրը տարածվեց «Հրապարակ»-ի հոդվածից հետո։ Մեր տեղեկություններով՝ քեական վարույթի շրջանակներում վարույթն իրականացնող մարմինը օդնավակայանի տեսանկարահանող սարքերի այդ օրվա կրիչներն է առգրավել, որպեսզի պարզի, թե ինչ է իրականում տեղի ունեցել եւ գնահատական տա դեպքին առնչվող անձանց գործողություններին։
Հիշեցնենք, որ գրել էինք, որ ՀՀ ներքին գործերի նախարարությունից «Հրապարակ»-ին հայտնել են, որ օգոստոսի 8-ին «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին ահազանգ է ստացվել, որ սիրտ- թոքային անբավարարություն ախտորոշմամբ շտապօգնության խումբը օդանավակայանից բժշկական կենտրոն է տեղափոխել մի օտարերկրացու, որը հիվանդանոցում մահացել է։
Քննչական կոմիտեից մեզ նաեւ հայտնել էին, որ ՀՀ Քրեական օրենսգրքի սպանություն հոդվածի առաջին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։ «Քննություն է իրականացվում, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն եւ իր մոտ հայտնաբերված նյութի դատաքիմիական փորձաքննություն»,-ասել էր Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում։