Փախուստի դիմած քաղաքացու նետած պայուսակում հայտնաբերվել է «Մակարով». կան բերման ենթարկվածներ
Օգոստոսի 14-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանում շրջող «Nissan» մակնիշի ավտոմեքենայում հնարավոր է անօրինական զենք լինի, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։
Ժամը 00:20-ի սահմաններում կասկածելի «Nissan» մակնիշի ավտոմեքենան նկատում են ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ հրամանատար Ստաֆֆի Դիլանյանի, պարեկներ Սուրեն Բալդրյանի և Ազատ Ղազարյանի գլխավորությամբ, կանգնեցնում են ավտոմեքենան, որի ուղևորներից մեկը, դուրս գալով ավտոմեքենայից, դիմում է փախուստի։
Պարեկներն սկսում են նրան հետապնդել, ճանապարհին փախուստի դիմած քաղաքացին իր ուսից հանում և Նոր Արեշ 11-րդ փողոցի տներից մեկի բակ է նետում պայուսակը և շարունակում է փախուստը։
Պարեկներին հաջողվում է այդ ավտոմեքենայի միջից 2 քաղաքացու ապօրինի զենք պահելու և կրելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել և նշված ավտոմեքենայով տեղափոխել ոստիկանության Էրեբունու բաժին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը Երևանի բնակիչ 25.-ամյա Կարեն Խ.-ն է, իսկ ուղևորներից մեկը Երևանի բնակիչ 31-ամյա Միքայել Հ.-ն։
Տեղում արդեն պարեկներն ու ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի, քրեական հետախուզության բաժանմունքի պետ Սամվել Մամիկոնյանի գլխավորությամբ, օպերատիվ տեղեկություններով պարզում են, որ փախուստի դիմած անձը Երևանի բնակիչ 21-ամյա Խաչիկ Վ.-ն է։
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք Կարեն Խ.-ի և Միքայել Հ.-ի հետ ներկայացվում են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Արդեն քննիչները Նոր Արեշ 11-րդ փողոցի այն տանը, որտեղ Խաչիկ Վ.-ն նետել էր պայուսակը, հայտնաբերում են «Մակարով» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված մի քանի փամփուշտով։
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Խաչիկ Վ.-ին հայտնաբերելու ուղղությամբ։