ՌԴ կառավարությունը բենզինի արտահանման արգելքը երկարաձգել է մինչև տարեվերջ
ՌԴ կառավարությունը սեպտեմբերի 1-ից բենզինի արտահանման նոր սահմանափակում է մտցրել։ Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«2024 թ. սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը Ռուսաստանում կրկին կգործի բենզինի արտահանման ժամանակավոր սահմանափակում: Այս մասին որոշումն ստորագրվել է։
Որոշումն ընդունվել է վառելիքի շուկայում կայուն իրավիճակը սեզոնային շարունակվող պահանջարկի և նավթավերամշակման գործարաններում իրականացվող պլանային վերանորոգումների ժամանակաշրջանում պահպանելու համար», – ասվում է ՌԴ կառավարության Telegram-ալիքում։
Սահմանափակումը չի տարածվի, այդ թվում՝ միջազգային միջկառավարական համաձայնագրերի շրջանակներում, ներառյալ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ մատակարարումերի վրա, քաղաքացիների կողմից անձնական օգտագործման համար արտահանվող վառելիքի, ինչպես նաև միջազգային մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով արտահանվող վառելիքի վրա, հստակեցվում է հաղորդագրության մեջ։
Ներկայում Ռուսաստանում գործում է բենզինի արտահանման ժամանակավոր արգելք, որը կառավարության կողմից սահմանվել է 2024 թ. մարտի 1-ից մինչև օգոստոսի 31-ը։ Մայիսի 20-ից մինչև հուլիսի վերջն արգելքի գործողությունը կասեցվել էր ներքին շուկայի` ավտոմոբիլային բենզինով հագեցվածության կապակցությամբ և առանձին ձեռնարկությունների կողմից նավթի վերամշակման ծավալների նվազում թույլ չտալու համար։Հունիսի սկզբից բենզինի բորսայական գներն արձակուրդների ժամանակաշրջանում սկսեցին աճել պահանջարկի ակտիվ սեզոնի ֆոնին։
Այս ֆոնին կարգավորող մարմիններն սկսեցին խոսել բենզինի արտահանման արգելքը վերսկսելու անհրաժեշտության մասին, ընդ որում` ավելի երկար ժամանակաշրջանով՝ մինչև հոկտեմբերի վերջը, որպեսզի վառելիքի շուկան հիվանդագին չտանի ինչպես օգոստոսին նավթամթերքի պիկային պահանջարկը, այնպես էլ նավթավերամշակման գործարանների աշնանային պլանային վերանորոգումները:
Վառելիքի արտահանման արգելքի պրակտիկան նախկինում ցույց է տվել իր արդյունավետությունը. դրա շնորհիվ հաջողվում է ներքին շուկան արագորեն հագեցնել: