Մահացել է Ալեքսանդր Մնդոյանցը
Օգոստոսի 8-ին Մոսկվայում, երկարատև հիվանդությունից հետո, մահացել է Մոսկվայի երաժշտական դպրոցի կարկառուն ներկայացուցիչ, Ռուսաստանի վաստակավոր արտիստ, Մոսկվայի Պ. Չայկովսկու անվ․ կոնսերվատորիայի պրոֆեսոր, ԱՄՆ-ում Վեն Կլայբերն մրցույթի դափնեկիր Ալեքսանդր Աշոտի Մնդոյանցը:
Մնդոյանցը երաժշտությամբ սկսել է զբաղվել 6 տարեկանից՝ ընդունվելով Երևանի կոնսերվատորիայի Պ․ Չայկովսկու անվ․ միջնակարգ երաժշտական դպրոց: Ուսումը շարունակել է Մոսկվայի կոնսերվատորիային առընթեր կենտրոնական երաժշտական դպրոցում՝ հետագայում դառնալով Մոսկվայի կոնսերվատորիայի շրջանավարտ։ 28 տարեկանում դարձել է ԱՄՆ-ում Վեն Կլայբերնի դաշնակահարների հեղինակավոր միջազգային մրցույթի դափնեկիր։
Դասավանդել սկսել է 1979թ.՝ Մոսկվայի կոնսերվատորիային առընթեր կենտրոնական երաժշտական դպրոցում, այնուհետև՝ 1991 թ.-ից, Մոսկվայի կոնսերվատորիայում։ 2007թ.-ից հանդիսացել է կոնսերվատորիայի հատուկ դաշնամուրի ամբիոնի պրոֆեսոր: Ալեքսանդր Մնդոյանցի ուսանողների թվում են միջազգային և հանրապետական մրցույթների՝ ավելի քան 30 դափնեկիրներ:
Լինելով «Նոր անուններ», «Սիրիուս» և այլ ծրագրերի առաջատար պրոֆեսոր՝ Ալեքսանդր Մնդոյանցը մեծ ուշադրություն էր դարձնում տաղանդավոր երիտասարդների կրթությանը: Նա եղել է «Ռուսական դաշնամուրային երաժշտության անթոլոգիա՝ ներառյալ ռուս և խորհրդային կոմպոզիտորների» խորագրով աննախադեպ նախագծի նախաձեռնողն ու ղեկավարը:
Խորհրդային նշանավոր դաշնակահար, ուսուցիչ, ՍՍՀՄ ժողովրդական արտիստ Յակով Ֆլայերի խոսքով՝ Մնդոյանցը բացառիկ, շնորհալի դաշնակահար և երաժիշտ է․ «Նրա երաժշտությունը գրավում է իրական խորությամբ և դաշնամուրի գերազանց տիրապետմամբ։ Ալեքսանդր Մնդոյանցը կարողանում է նվագել ինչպես մեծ մոնումենտալ ստեղծագործություններ, այնպես էլ դաշնամուրային մինիատյուրներ։ Եվս մեկ որակ՝ բարձր ինտելեկտ և անթերի ճաշակ»։