Պարեկները Երևանում թմրանյութի հայտնաբերման դեպքեր են գրանցել
Օգոստոսի 12-ին՝ ժամը 19.10-ին, ՊԾ Երևանի գնդի պարեկները, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, Շոպրոնի փողոցում ձերբակալել և ոստիկանության Նոր Նորքի բաժին են ներկայացրել Մեծամոր քաղաքի բնակիչ 17 և 23 տարեկան երկու երիտասարդի: Անձնական խուզարկությամբ 23-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել են շագանակագույն զանգված և նույն զանգվածով կաթուցիչ: Նա հայտնել է, որ հայտնաբերվածը «շոկո» տեսակի թմրամիջոց է:
Նույն օրը՝ ժամը 22.10-ին, Երևանի պարեկները Պարոնյան փողոցում, թմրանյութ պահելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են ներկայացրել 31-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ էջմիածինցի երիտասարդի մոտ հայտնաբերվել է 2,3 գրամ դեղնականաչավուն զանգվածով գլանակ: Նա հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է՝ իր օգտագործման համար:
Պարեկների կողմից թմրանյութի հայտնաբերման հաջորդ դեպքը գրանցվել է Չարենցի փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում: Թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալված և ոստիկանության Մարաշի բաժանմունք տեղափոխված 30-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 0,44 գրամ շագանակագույն զանգված, մոխրացված հետքերով կաթուցիչ և դանակ: Նա հայտնել է, որ շագանակագույն զանգվածը «շոկո» տեսակի թմրամիջոց է:
Օգոստոսի 12-ի՝ գիշերվա ժամը 2:30-ին Երևանի պարեկները Արցախի փողոցում, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և, իր կողմից շահագործվող «Մերսեդեսով» հանդերձ, ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխել Ագարակի բնակիչ 34-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 5,26 գրամ դեղնականաչավուն զանգված: Երիտասարդը հայտնել է, որ այն մարիխուանա է՝ իր օգտագործման համար: Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերը և երիտասարդները ներկայացվել են նախաքննական մարմին: