Իսպանիայում ստեղծվել է առաջին գենետիկորեն մոդիֆիկացված գառը
Իսպանիայի Գյուղատնտեսական և սննդային հետազոտությունների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտի գիտնականներն ստեղծել են երկրում առաջին գենետիկորեն մոդիֆիկացված գառը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։
Ըստ թագավորության Գիտական հետազոտությունների բարձրագույն խորհրդի՝ մի խումբ մասնագետներ «ստեղծել են Իսպանիայում առաջին գենետիկորեն մոդիֆիկացված գառը»։ Կենդանին ստացել է Տեոդորո անունը։ Այն «կծառայի ֆերմերային կենդանիների մոտ վերարտադրողական խանգարումների ուսումնասիրմանը և կդառնա մոդել մարդ տեսակի բեղմնավորման գործընթացի ըմբռնման համար», հավելել են խորհրդում:
Ինչպես պարզաբանել է հետազոտողներից մեկը՝ Պաբլո Բերմեխո Ալվարեսը, «կենդանիների գենետիկորեն մոդիֆիկացված մոդելներն անհրաժեշտ են ցանկացած կենսաբանական գործընթացի մասին գիտելիքների ընդլայնման համար»։ Մասնագետի խոսքով՝ այդ կենդանիները պարունակում են գենետիկական մոդիֆիկացիաներ, «որոնք վերացնում կամ բարեփոխում են որոշակի գենը և, հետևաբար, թույլ են տալիս միանշանակ պարզել դրա գործառույթը կենսաբանական գործընթացում»: