ՄԻՊ-ի աջակցությամբ կազմակերպվել է ազատությունից զրկված անձի՝ ընտանիքի հետ երկարատև տեսակցության ապահովումը
Ազատությունից զրկված անձը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը ընտանիքի հետ երկարատև տեսակցություն կազմակերպելու հարցով:
Ըստ դիմումի՝ քրեակատարողական հիմնարկի ծառայողները մերժել են այն կազմակերպել՝ պնդելով, որ անձին ցուցված է ստացիոնար բուժում «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում և, այդ նպատակով, անձը պետք է տեղափոխվի վերոնշյալ հաստատություն: Սակայն ազատությունից զրկված անձը նշել է, որ ինքն իրեն լավ է զգում և չի ցանկանում տեղափոխվել։
Բարձրացված հարցի առնչությամբ՝ Պաշտպանի ներկայացուցիչը կապ է հաստատել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի իրավասու ներկայացուցչի հետ։
Քննարկման արդյունքում պարզ է դարձել, որ թեև առկա է անձի ստացիոնար բուժման ցուցում, սակայն դա հնարավոր է կազմակերպել երկարատև տեսակցությունն ավարտելուց հետո։
Իրավասու մարմինների հետ արդյունավետ համագործակցության արդյունքում ազատությունից զրկված անձի կողմից բարձրացված հարցը ստացել է դրական լուծում։