Հայ մարզիկների գրանցած արդյունքները բավարար են. Կարեն Գիլոյան
«Օլիմպիական խաղերն ամենադժվար մարզական իրադարձություններն են, որը կազմակերպիչների համար դառնում է լուրջ փորձություն: Սա իմ 9-րդ Օլիմպիական խաղերն էին, ու Փարիզ-2024-ը մտնում է իմ տեսած խաղերի լավագույն եռյակի մեջ: Փարիզը՝ որպես սիրով լի քաղաք, կարողացավ սիրով ընդունել իր հյուրերին»,- «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ, ամփոփելով Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկների կատարած աշխատանքը, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
Գիլոյանն ընդգծեց, որ պետք է հաշվի առնել`Հայաստանը մասնակցում էր 15 մարզիկով, որոնցից 3-ը «սպիտակ քարտով»։ Ըստ նրա՝ այդ տեսանկյունից թվերը շատ խոսուն են:
«Ես մարզիկների գրանցած արդյունքները կգնահատեմ բավարար: Չեմ համարում ձախողված, չեմ համարում նաև ֆանտաստիկ: Այն ռազմավարությունը, որը որդեգրել է կառավարությունը, չի կարող այդքան արագ արդյունք տալ: Սպորտում այսօրվա ներդրումը վաղը մեդալի չի վերածվում: Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերում ես հստակ պատասխան կտամ` մենք ճիշտ ե՞նք անում, թե՞ ոչ: Գիտեմ, հիմա շատերը կսկսեն քննադատել, բայց մի փոքր համբերություն է պետք: Բայց մեջբերեմ վիճակագրական մի քանի թվեր. 1996 թվականից մինչև 2024 թվականը որակապես ավելի լավ եղել են միայն 1996 և 2016 թվականների Օլիմպիական խաղերը, երբ ունեցել ենք չեմպիոններ: Այս երկու խաղերից հետո Փարիզ-2024-ը մեզ համար ամենալավն է որակապես` երեք արծաթ, մեկ բրոնզ»,-նշեց նա:
Գիլոյանի փոխանցմամբ՝ առաջիկա մեկ ամսվա ընթացքում ընդհանուր ամփոփումներ կլինեն բոլոր մարզաձևերում, վերլուծություններ կարվեն ու կհստակեցվեն առաջիկա անելիքները։