Իրանի փոխնախագահ Զարիֆը 10 օր պաշտոնավարելուց հետո հրաժարական է տվել
Իրանի ռազմավարական հարցերով փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Զարիֆը, ով 2013-2021 թվականներին զբաղեցրել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը և հանդես է եկել ԱՄՆ-ի հետ բանակցությունների օգտին, հրաժարական է տվել՝ ընդամենը 10 օր պաշտոնավարելուց հետո: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին Զարիֆը գրել է X-ի իր միկրոբլոգում։
«Ես բավարարված չեմ (խմբ.՝ նախարարների նոր կաբինետի ձևավորման խորհրդատվական խորհրդի ղեկավարի) աշխատանքիս արդյունքից։ Այլ խնդիրների հետ մեկտեղ սա ինձ ստիպեց շարունակել իմ ուղին համալսարանում»,-գրել է նա X-ի իր էջում (նախկինում՝ Twitter) .
Խոսքը խորհրդատվական խորհրդի մասին է, որը Զարիֆը գլխավորել է հուլիսի 5-ին Իրանի նախագահական ընտրություններում Մասուդ Պեզեշիկյանի հաղթանակից անմիջապես հետո։ Զարիֆը պատասխանատու էր նոր կաբինետի թեկնածուների ընտրության համար, որը խորհրդարանի հաստատմանը ներկայացվել էր օգոստոսի 11-ին:
Իսլամական հանրապետության ռեֆորմիստական թեւի ներկայացուցիչ Զարիֆը համարվում է ԱՄՆ-ի հետ երկխոսության գլխավոր ջատագովներից մեկը, ինչի համար նրան քննադատում են իրանցի պահպանողականները։
Դիվանագետը ակտիվ մասնակցություն է ունեցել 2015 թվականին Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի մշակմանն ու կնքմանը։ Նա բազմիցս բանակցություններ է վարել ԱՄՆ պետքարտուղարի և ամերիկացի այլ պաշտոնյաների հետ։
Ընտրություններում Պեզեշիկյանի հաղթանակից հետո Զարիֆը հայտարարություն է տարածել նոր նախագահի պատրաստակամության մասին՝ վերականգնելու Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը: