«Հըզբոլլահ»-ը հրթիռակոծել է Վերին Գալիլեայի իսրայելական բնակավայրերը՝ ի պատասխան Գազայի դպրոցի վրա հարձակման
Գազայում գտնվող դպրոցներից մեկին հասցված հարվածի հետևանքով սպանվել է առնվազն 19 ծայրահեղական, հայտարարել է Իսրայելի բանակը։ Նրանց ինքնությունն իսրայելական կողմը պարզել է։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ լիբանանյան շիա «Հըզբոլլահ»-ի ջոկատները զանգվածային հրթիռակոծության են ենթարկել Վերին Գալիլեայի իսրայելական բնակավայրերը։
Օդային տագնապի ազդանշաններ են հնչել հրեական 20 բնակավայրում, այդ թվում՝ Ցֆաթ քաղաքում, որը գտնվում է լիբանանաիսրայելական սահմանից 20 կմ հեռու։ Հարձակման ծավալներն ընդլայնվում են և ընդգրկել են Գոլանի բարձունքները, որտեղ մի քանի հրթիռ է ընկել։
«Հըզբոլլահ»-ի տելեգրամյան էջում հրապարակված հայտարարության մեջ ասվում է, որ այս գործողությունը շիա գրոհայիններն իրականացրել են ի պատասխան Գազայի դպրոցի հրթիռակոծության, որի պատճառով զոհվել է ավելի քան 100 պաղեստինցի։