Ապաշրջափակումը պետք է տեղի ունենա Հայաստանի ինքնիշխանության ներքո․ ՀՀ-ում Իրանի դեսպան
«Մենք կողմնակից ենք ապաշրջափակմանը, սակայն այդ ապաշրջափակումը պետք է տեղի ունենա Հայաստանի ինքնիշխանության ներքո»։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով Բաքվի կողմից խաղաղության պայմանագրից ապաշրջափակման կետը հանելուն։
Հարցին՝ ապաշրջափակման հետաձգումն ի՞նչ հետևանքներ կունենա, Մեհդի Սոբանին արձագանքեց․ «Բնական է, եթե տեղի է ունենում ապաշրջափակում, նաև դրա արդյունքում երթևեկությունն է մեծանում, բայց պետք է փոխադարձ պայմանավորվածություն և համաձայնություն լինի այդ մասով։ Եթե պայմանավորվածություն է լինում, դա նշանակում է՝ ավելի ենք մոտենում խաղաղությանը։ Սա տարածաշրջանի օգտին է, տարածաշրջանի ժողովուրդների օգտին, և այն ինչ իրականացվում է կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ, մենք դրա կողմնակիցն ենք»։
Անդրադառնալով Իսրայելին Իրանի հնարավոր հարվածին՝ նա ընդգծեց. «Մենք միշտ մեր թշնամիներին պատժել ենք, սակայն խելամտորեն և ժամանակին, և այս անգամ էլ կպատժենք՝ և այն կլինի ժամանակին և հաշվարկված»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել էր, որ երբ խաղաղության պայմանագիրը ստորագրվի, երկու երկրները կարող են վերսկսել բանակցությունները՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցությունը վերականգնելու ընդունելի բանաձև գտնելու համար:
ՀՀ ԱԳՆ-ն էլ իր հերթին հայտարարել էր՝ այս համաձայնությամբ հանդերձ, հաղորդակցությունների ապաշրջափակումը շարունակում է մնալ խաղաղության և տնտեսական զարգացման ՀՀ տեսլականի կարևոր մաս` արտացոլված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրում, հիմնված ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության ու հավասարության վրա: