Կենտրոնական Ասիայի երկրների ղեկավարների խորհրդատվական հանդիպմանը ներկա է եղել նաև Ալիևը
Աստանայում տեղի է ունեցել Կենտրոնական Ասիայի երկրների ղեկավարների խորհրդատվական հանդիպումը, որին ներկա է եղել նաև Ադրբեջանի նախագահը:
Ղազախստանի նախագահն իր ելույթում ընդգծել է ենթակառուցվածքային և տրանսպորտային համատեղ նախագծերի իրականացման կարևորությունը՝ նշելով, որ դա կնպաստի Կենտրոնական Ասիայի հինգ հանրապետության տնտեսության զարգացմանը։ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ընդգծել է Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղին, Հյուսիս-Հարավը, «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը:
«Տարածաշրջանի տարանցիկ և տրանսպորտային ներուժի զարգացումը մեծ նշանակություն ունի»,-շեշտել է պաշտոնյան: Տոկաևը հավելել է, որ մեծանում է Ղազախստան-Թուրքմենստան-Իրան երկաթուղու ներուժը։
Իլհամ Ալիևը կարծիք է հայտնել, որ աշխարհում աճող սպառնալիքների ֆոնին հարկավոր է ամրապնդել հարաբերությունները, մասնավորապես՝ պաշտպանության և անվտանգության ոլորտում: Ադրբեջանի նախագահը հավելել է, որ իր երկիրը շահագրգռված է սերտացնելու գործակցությունը նաև վերականգնվող էներգետիկայի, տրանսպորտի, տարանցման, ներդրումների և այլ ոլորտներում: