Արաբկիրի նախկին թաղապետ Արամ Ազատյանը կտեղափոխվի կալանավայր․ խափանման միջոցը փոխվել է
Երեկ փոխվել է Արաբկիրի նախկին թաղապետ Արամ Ազատյանի խափանման միջոցը տնային կալանքից՝ կալանքի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Արթուր Պիվազյանը:
«Խափանման միջոց տնային կալանքը փոխվել է կալանքի, բայց մինչև հիմա Արամ Ազատյանը տանն է»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ հուլիսի երեքին Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում քննչական գործողություններ էին կատարվել։ Ազատյանը բերման էր ենթարկվել, իսկ ավելի ուշ դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել տնային կալանքը և 30 միլիոն դրամ գրավ կիրառել: