ՀԱՄԱՍ-ի նոր առաջնորդը շահագրգռված է Իսրայելի հետ գործարքով
Պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի նոր ղեկավար Յահյա Սինվարը շահագրգռվածություն է հայտնել Իսրայելի հետ հրադադարի և պատանդների ազատ արձակման շուրջ համաձայնության հասնելու համար՝ նախքան Իրանի հետ իրավիճակի սրումը։
Այդ մասին հայտնել է իսրայելական հեռուստատեսության 12-րդ ալիքը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի աղբյուրներին։
Նախօրեին «The Wall Street Journal»-ը, վկայակոչելով արաբ բանակցողների անունները, հայտնել էր, որ Սինվարի ընտրվելը Համասի առաջնորդի պաշտոնում կարող է բարդացնել Իսրայելի հետ խաղաղ բանակցությունները: Նրանց խոսքով՝ նա «կոշտ և մաքսիմալիստական դիրքորոշում» կբռնի հրեական պետությանը փոխզիջման ստիպելու համար։ Իր հերթին, աջակողմյան իսրայելցի քաղաքական գործիչները, ինչպես գրում է հրատարակությունը, պնդում են ՀԱՄԱՍ-ի ռազմական ներուժի լիակատար ոչնչացումը և Սինվարի սպանությունը։