Սլավիկ Գալստյանը պարտվեց օլիմպիական խաղերի բրոնզե մեդալի համար պայքարում
Հայաստանի ներկայացուցիչ, աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի բրոնզե մեդալակիր 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը բրոնզե մեդալի համար պայքարում էր կուբացի Օրտա Սանչեսի դեմ։ Գալստյանը 0։8 հաշվով պարտվեց մրցակցին։
Գալստյանն իր առաջին Օլիմպիական խաղերի եզրափակիչ դուրս գալու համար գոտեմարտել է իրանցի Սաեդ Էսմաելիի հետ և 4:10 հաշվով ցավալի պարտություն կրել:
Հիշեցնենք՝ Գալստյանը տպավորիչ և լարված պայքարում 3:2 հաշվով հաղթել էր ֆրանսիացի ըմբիշին և դուրս էր եկել կիսաեզրափակիչ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը 3:2 հաշվով հաղթել է մրցակցին և դուրս եկել Փարիզում ընթացող Օլիմպիական խաղերի քառորդ եզրափակիչ։
Ավելի վաղ Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնությունների եռակի բրոնզե մեդալակիր, ազատոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը Օլիմպիական խաղերի քառորդ եզրափակչում մրցել էր Ուզբեկստանի ներկայացուցիչ Գուլոմջոն Աբդուլլաևի հետ և պարտվել 12:5 հաշվով:
Հիշեցնենք՝ հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի յոթակի չեմպիոն, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը կարիերայում երկրորդ անգամ դարձել է Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն:
Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը բրոնզե մեդալ է նվաճել Փարիզում անցկացվող Օլիմպիական խաղերում:
Այս պահին Հայաստանը երեք մեդալ ունի Փարիզի Օլիմպիական խաղերում: