Մարտի 1-ի գործով մեղադրյալ Գևորգ Սաֆարյանի որդին կշարունակի ևս 20 օր մնալ կալանքի տակ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արաբկիրի թաղապետարանի պաշտոնատար անձանց քրեական գործով մեղադրյալների կալանքի ժամկետը, դատարանի որոշմամբ, երկարաձգվում է։
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Արաբկիրի թաղապետարանի պաշտոնատար անձանց կաշառքի գործով անցնում է նաև Pink berry-ի սեփականատեր Լևոն Սաֆարյանը, որը, ինչպես հայտնի է, 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ քրեական գործով անցնող Գևորգ Սաֆարյանի որդին է։ Նա կալանավորվել էր, ու օրերս կալանքի ժամկետը դատարանը եւս 20 օրով երկարաձգել է։ Ավելին` այսօր վերաքննիչ դատարանը քննելու է դատախազության բողոքը, որով նա պահանջում է Արաբկիրի նախկին թաղապետ Արամ Ազատյանին տեղափոխել բանտ, եւ որ նա տանը չկրի կալանքը. տեսնենք, թե ինչ կասի ՀՀ վերաքննիչ դատարանը։
Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ ՔԿ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում համապատասխան քրեական վարույթը նախաձեռնվել և քննվում է քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի («Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը») 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի, 46(հանցակցություն)-441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի, 435-րդ հոդվածի («Կաշառք ստանալը») 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի, 436-րդ հոդվածի («Կաշառք տալը») 2-րդ մասի 3-րդ կետի և 437-րդ հոդվածի («Կաշառքի միջնորդությունը») 1-ին մասի հատկանիշներով։
ՔՕ տարբեր հոդվածներով մեղադրանքներ են ներկայացվել 8 անձանց, այդ թվում՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի 3 պաշտոնատար անձանց: Նշված բոլոր անձինք ձերբակալվել են:
Մեղադրյալներից 4-ի, այդ թվում` երկու պաշտոնատար անձանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուս պաշտոնատար անձի նկատմամբ՝ տնային կալանքը և համակցված` գրավը՝ 30 մլն դրամի չափով։ Եվս 3 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։