Դաղստանում շախմատիստուհին փորձել է սնդիկով թունավորել մրցակցին
Մախաչկալայում անցկացված Դաղստանի շախմատի առաջնության ժամանակ դաղստանցի շախմատիստուհիներից մեկը՝ Ամինա Աբաքարովան, խաղից առաջ փորձել է թունավորել մրցակցին՝ Ումայգանատ Օսմանովային։ Շախմատիստուհին սնդիկ է լցրել մրցակցի խաղատախտակի մոտ, նա էլ խաղի ժամանակ վատ է զգացել։ Ահազանգով ժամանել է ոստիկանությունը, իրավապահներն ուսումնասիրել են տեսախցիկների արձանագրած տեսագրություններն ու նույն օրն էլ ձերբակալել են Աբաքարովային։
Տեղի ունեցածի կապակցությամբ հայտարարություն է տարածել Ռուսաստանի շախմատի ֆեդերացիան՝ անընդունելի համարելով միջադեպը։
Մասնավորապես, Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տկաչովը «Ռիա Նովոստի»-ին ասել է, որ ցավում է Մախաչկալայում շախմատիստուիներից մեկի թունավորման փորձի կապակցությամբ և նրան մաղթում է առողջություն։
«Իհարկե, շատ ցավալի է, որ նման դեպք է տեղի ունեցել Դաղստանում, այն էլ՝ շախմատի առաջնության ժամանակ։ Անկեղծ ասած՝ սա վայրենություն է։ Հիմա ամենակարևորը տուժած շախմատիստուհու առողջությունն է, ում համար մենք անհանգստանում ենք, քանի որ ոչ մի մեդալ՝ լինի դա հանրապետական առաջնությունից, թե օլիմպիական խաղերից, ավելի թանկ չէ, քան մարզիկների կյանքն ու առողջությունը»,- ասել է Տկաչովը։