Ոստիկանները եղբորս ծեծի են ենթարկել, ապա ջնջել տեսաձայնագրությունը․ Ռոման Երիցյան
Այն բանից հետո, երբ արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը հայտարարեց, որ իր եղբայրը ծեծի է ենթարկվել ոստիկանների կողմից, Ներքին գործերի նախարարությունը ծառայողական քննություն է սկսել և նշել, որ Երիցյանի եղբայրը՝ Արամ Երիցյանը բնավ ծեծի չի ենթարկվել, իսկ թե ինչպես է ստացել մարմնական վնասվածքներ, դրան ՆԳՆ-ն հարկ չի համարել անդրադառնալ: Հիշեցնենք, որ փաստաբան Ռոման Երիցյանն օրերս տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են ոստիկանները բռնության ենթարկում իր եղբորը: Փաստացի, Ներքին գործերի նախարարությունն այս առիթով հերքում է անհերքելին:
Փաստաբան Երիցյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում նշել է. «Եթե Ներքին գործերի նախարարությունը թաքցնելու բան չունի, թող տուժող ճանաչված պարեկային ծառայողի վրա ամրակցված տեսաձայնագրությունը հրապարակի: Եղբայրս ստացել է մարմնական վնասվածքներ, ոստիկանությունը տրամադրել է ոչ լիարժեք տեսաձայնագրություն: Թե ինչպես է եղբայրս ենթարկվել բռնության, այդ մասով չեն տրամադրում տեսանյութը, չնայած տուժող պարեկ Արման Սիրոյանի տեսաձայնագրող սարքը ողջ ընթացքում եղել է միացված: Քննիչը պարզաբանում է, որ սարքի տվյալները բացակայում են: Եթե եղբայրս իրոք ծեծի չի ենթարկվել, ապա թող հրապարակեն տեսաձայնագրությունը: Բառի բուն իմաստով այն ջնջել են», - ասել է Ռոման Երիցյանը:
Փաստաբան Ռոման Երիցյանը դատարանում ներկայացնում է իշխանության թիրախում հայտնված Արցախի քաղաքապետերի շահերը, որոնք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բողոքի ակցիաների օրերին կալանավորվել էին: Ռոման Երիցյանը նշում է, որ իր եղբոր՝ Արամ Երիցյանի հանդեպ այդ դաժան վերաբերմունքի պատճառն իր գործունեությունն է: