Հարիսը փոխնախագահի թեկնածու է ընտրել Մինեսոտայի նահանգապետ Թիմ Վալցին
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, որը նոյեմբերին կայանալիք նախագահի ընտրությունում ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության հավանական թեկնածուն է, փոխնախագահի թեկնածու է ընտրել Մինեսոտայի նահանգապետ Թիմ Վալցին: Այդ մասին հայտնել է Ռոյթերս գործակալությունը:
Թիմ Վալցը 60 տարեկան է, ԱՄՆ բանակի Ազգային գվարդիայի վետերան: Նա նախկին ուսուցիչ է։ 2006 թվականին ընտրվել է որպես ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ և 12 տարի եղել է կոնգրեսական։ 2018 թվականին ընտրվել է Մինեսոտայի նահանգապետ: Նահանգը ավանդաբար ընտրում է դեմոկրատների և մոտ է Վիսկոնսին և Միչիգան նահանգներին, որոնց համար սովորաբար թեժ պայքար է ընթանում։
59-ամյա Հարիսը վերակենդանացրել է Դեմոկրատական կուսակցության՝ ընտրությունում հաղթելու հույսերը, երբ 81-ամյա նախագահ Ջո Բայդենը հուլիսի 21-ին հրաժարվել է վերընտրվելու մտադրությունից: