Լիբանանը չի ցանկանում, որ «Հեզբոլլահ»-ի պատասխանը իսրայելական հարձակմանը վերածվի մասշտաբային պատերազմի
Լիբանանը ցանկանում է այնպես անել, որ Բեյրութում Իսրայելի կողմից «Հեզբոլլահ»-ի հրամանատարի սպանությանը հնարավոր պատասխանը չվերածվի Մերձավոր Արևելքում մասշտաբային պատերազմի։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Reuters-ից, այս մասին հայտնել է Լիբանանի արտգործնախարար Աբդալլահ Բու Հաբիբը։
Մերձավոր Արևելքում իրադրությունը կտրուկ սրվել է հուլիսի 31-ին Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանությունից հետո, որին նախորդել էր Բեյրութում իսրայելական ավիահարվածի հետևանքով «Հեզբոլլահ» շարժման բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքրի սպանությունը։
«Հեզբոլլահ»-ն անցյալ շաբաթ հայտարարել է, որ կպատասխանի Բեյրութի վրա իրականացված հարձակմանը։ Իրանն իր հերթին խոստացել է վրեժ լուծել Իսրայելից Հանիյեի սպանության համար՝ չնայած Իսրայելը չի ընդունել և չի հերքել իր առնչությունը դրան։
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հարվածներ են հասցնում միմյանց 2023 թ. հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից և դրա հետևանքով Գազայի հատվածում պատերազմի մեկնարկից ի վեր։