Հաջորդ Օլիմպիական խաղերում կցանկանամ ոսկե մեդալը նվաճել․ Արթուր Դավթյան
Փարիզի ամառային 33-րդ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, մարմնամարզիկ Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը (օղակներ, 6-րդ հորիզոնական) հյուրընկալվել են Ֆրանսիայի մայրաքաղաքում գործող «Հայաստանի օլիմպիական տանը», հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչների և երկրպագուների հետ: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։
Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Փարիզի փոխքաղաքապետ Առնո Նգաչան, Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի եռակի գավաթակիր, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ազատ ոճային ըմբիշ Ստեփան Սարգսյանը, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը, հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն ու մարզիչ Հայկ Նազարյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել ներկայության համար: Եվս մեկ անգամ շնորհավորելով արդյունքների համար՝ Կարեն Գիլոյանը շեշտել է՝ նրանք արել են առավելագույնը:
«Վահագնը բավական լուրջ արդյունք գրանցեց և փայլուն մրցելույթ ունեցավ, իսկ Արթուրն արեց այն, ինչը չափազանց բարդ էր, շատ սառնասրտորեն ու գեղեցիկ կատարեց իր գործը: Շնորհավորում եմ նաև մեր մարզիչներին քրտանաջան աշխատանքի համար: Վստահ եմ՝ կլինեն նոր հաջողություններ և դուք կփայլեք ձեր գիտելիքներով ու հմտությունները կիսելու ունակությամբ»,- ասել է ԿԳՄՍ նախարարի հանձնառությունը՝ աջակցելու հայ մարզիկներին, խրախուսելու սպորտի զարգացումը:
Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը ևս ողջունել է մարմնամարզիկներին ու շնորհակալություն հայտնել հպարտության և հուզմունքի պահեր պարգևելու համար. «Ամբողջ Հայաստանը և սփյուռքը մեկ մարդու պես հետևում էր ձեր ելույթներին: Եվ դուք հիանալի էիք: Բոլորս անհամբեր էինք տեսնելու առաջին մեդալն Օլիմպիական խաղերում: Ուրախ ենք, որ Փարիզում առաջին անգամ նաև «Հայաստանի օլիմպիական տուն» է գործում, որը Հայաստան- սփյուռք միասնության խորհրդանիշն է»:
Ներկաներին ողջունել է նաև Փարիզի փոխքաղաքապետ Առնո Նգաչան՝ ընդգծելով, որ Հայաստանը Ֆրանսիայի համար բարեկամ երկիր է:
Շնորհավորելով Արթուր Դավթյանին՝ Փարիզի փոխքաղաքապետը հույս է հայտնել, որ Օլիմպիական հաջորդ խաղերում նա արդեն ոսկե մեդալակիր կդառնա. «Ուրախ ենք, որ Օլիմպիական արծաթե մեդալը նվաճեցիք հենց Փարիզում, և այդ առումով Փարիզը Ձեզ համար առանձնահատուկ վայր կլինի: Հայաստանը թե՛ Փարիզի, թե՛ առհասարակ Ֆրանսիայի համար բարեկամ երկիր է»:
Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արթուր Դավթյանը շնորհակալություն է հայտնելով շնորհավորանքների ու ջերմ ընդունելության համար՝ նշել է․«Ուրախ ու հպարտ եմ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր դառնալու առթիվ: Որակավորման փուլում այնքան էլ լավ չցատկեցի, և եզրափակիչ դուրս գալը հարցականի տակ էր: Եզրափակչում արդեն արեցի այն, ինչ կարող էի:Հաջորդ Օլիմպիական խաղերում կցանկանամ ոսկե մեդալը նվաճել»։
Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամները նաև հարցուպատասխանի ձևաչափով շփվել են հայ երկրպագուների հետ, լուսանկարվել նրանց հետ և ինքնագրեր բաժանել:
Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար ու ընդգծել, որ նվաճած յուրաքանչուր մեդալ ծանր աշխատանքի արդյունք է. «Հասել ենք այն մակարդակին, որ բրոնզե ու արծաթե մեդալները սկսել են մեզ չգոհացնել. սա մեծ ձեռքբերում է մեզ համար: Այդուհանդերձ, նվաճած ցանկացած մեդալ մեծ պատիվ է և առաջին հերթին նպաստում է մեր երկրի հեղինակության բարձրացմանը: Վերջին տարիներին ՀՀ կառավարությունը էապես մեծացրել է ուշադրությունը հայկական սպորտին. արվում են հսկայական ներդրումներ, որոնք, անկասկած, իրենց արդյունքը տալիս են: 2027 թվականին Հայաստանում անցկացնելու ենք սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը՝ ի պատիվ մեր մարզիկների, մարզիչների և ՀՀ կառավարության գործադրած ջանքերի: Մեզ համար դա շատ նշանակալի և կարևոր փորձություն է, և վստահ եմ՝ պատվով ենք կատարելու մեր առջև դրված խնդիրը»: