ԱՄՆ-ը չէր ցանկանա, որ Իրանը պատասխան գործողություններ ձեռնարկի Իսրայելի դեմ․ Միլլեր
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Իսրայելի վրա Իրանի հնարավոր հարձակմանը։
«Ես չեմ կարող ասել՝ ինչ տեղի կունենա, կամ ինչ տեղի չի ունենա։ Այդ որոշումը պետք է կայացնի Իրանը։ Մեր դիվանագիտական խողովակներով անընդհատ ազդակներ ենք հղում՝ կոչ անելով փոխանցել Իրանի կառավարությանը, որ էսկալացիան իրենց շահերից չի բխում, և որ մենք կպաշտպանենք Իսրայելը հարձակումներից։ Դա չի բխում նաև տարածաշրջանում որևէ մեկի շահերից։ Ուստի չեմ ուզում ասել, որ դա անխուսափելի է։ Իհարկե, ռիսկ կա, և այդ պատճառով մենք շարունակում ենք այդ բանակցությունները»,- ասել է Միլլերը:
Նա հավելել է, թե ԱՄՆ-ը չէր ցանկանա, որ Իրանը պատասխան գործողություններ ձեռնարկի։ Պետքարտուղարության ներկայացուցչի խոսքով՝ ԱՄՆ-ը պատրաստ է պաշտպանել Իսրայելը ոչ միայն Իրանից, այլև Իրանի հետ կապ ունեցող խմբավորումներից։