Ադրբեջանի ԱԳՆ-ն Տոյվո Կլաարի հայտարարությունը որակել է` կողմնակալ
Ադրբեջանը հարգում է միայն այն հայկական ծագում ունեցող անձանց Լեռնային Ղարաբաղ վերադառնալու մտադրությունը, որոնք հարգում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ-ն, ի պատասխան Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի։
«Տոյվո Կլաարը քաջ գիտակցում է, որ հայերը մտադիր չեն վերադառնալ ԼՂ, չնայած այն հանգամանքին, որ ադրբեջանական կողմը բազմիցս կոչ է արել հայ բնակիչներին մնալ իրենց տներում և կամ վերադառնալ։ Այն, որ նա նման կողմնակալ հայտարարություններ է անում իր մանդատից դուրս՝ պաշտոնը լքելու նախօրեին, ևս մեկ հարված է այն կազմակերպության հեղինակությանը, որն առաջին հերթին ներկայացնում է ԵՄ պաշտոնյան»,-ասվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ Տոյվո Կլաարը հայտարարել էր․ «Նախևառաջ Ադրբեջանը պարտավոր է դյուրացնել ղարաբաղցի հայերի՝ իրենց պապենական օջախներ վերադարձը։ Երկրորդը Ադրբեջանի այլ շրջաններում, այդ թվում՝ Բաքվում ապրած հայերի, կամ Հայաստանում ապրած ադրբեջանցիների հարցն է։ Բնականաբար, նրանք պետք է նաև կարողանան այցելել այն վայրերը, որտեղ իրենք կամ իրենց ընտանիքները ապրել են, կամ նույնիսկ վերադառնալ այդ վայրերը, եթե այդպես են ցանկանում: Դա նույնպես պետք է լինի նորմալացման արդյունք, բայց դա բոլորովին այլ հարց է՝ Ղարաբաղի հայության հարցից զատ»։