Մեծ Բրիտանիայում մի քանի օր է՝ ներգաղթյալների դեմ բողոքի ցույցեր են անցկացվում
Մեծ Բրիտանիայում արդեն մի քանի օր է՝ անհանգիստ է: Տեղական լրատվամիջոցները գրում են, որ երկրի մի շարք բնակավայրերում, այդ թվում՝ մայրաքաղաք Լոնդոնում, ներգաղթյալների դեմ բողոքի ցույցեր են անցկացվում, տասնյակ քաղաքացիներ են ձերբակալվել։
The Guardian-ի տվյալով՝ ակցիայի մասնակիցների, միգրանտների և իրավապահների միջև բախումներ են եղել: Ցուցարարներն ավերել են ոստիկանական բաժանմունքներ, խանութներ ու մզկիթներ, հրկիզել հասարակական հաստատություններ: Բրիտանական լրատվամիջոցները գրում են, որ ակցիան կազմակերպել են ծայրահեղ աջ ուժերը:
Ցույցերը սկսվել են հուլիսի 29-ից Սոութպորտ քաղաքում, որտեղ 17-ամյա տղան դանակով հարձակվել է մի խումբ երեխաների վրա և սպանել 6-9 տարեկան 3 աղջկա: Նշվում է, որ մեղադրյալը՝ Ակսել Ռուդակուբանան, ծնվել է Մեծ Բրիտանիայում, սակայն նրա ծնողները Ռուանդայից են:
Ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության՝ ցույցերը սաստկացել են, երբ տեղեկություն է տարածվել, թե հարձակվողը ապաստան հայցողների ցուցակում է եղել։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը դատապարտել է երկրում շարունակվող անկարգությունները և ներգաղթյալների դեմ ակցիաները՝ դրանք որակելով «ծայրահեղ աջ ավազակություն»։ Նա խոստացել է, որ մեղավորները կկանգնեն օրենքի առաջ: