Մալին որոշում է կայացրել խզել դիվանագիտական հարաբերություններն Ուկրաինայի հետ
Մալիի իշխանությունները որոշում են կայացրել խզել դիվանագիտական հարաբերություններն Ուկրաինայի հետ։ Աֆրիկյան երկրի կառավարությունը հայտարարել է, թե Կիևն աջակցում է զինված ահաբեկիչների գործողություններին:
Հրապարակված փաստաթղթում նշվում է, որ Մալիի իշխանությունները մեծ զարմանքով ի գիտություն են ընդունել Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչության ներկայացուցիչ Անդրեյ Յուսովի խոսքը հուլիսի վերջին Մալիի հյուսիսարևելյան Տինզաուատեն շրջանում զինված ահաբեկչական խմբավորումների հարձակմանն Ուկրաինայի մասնակցության մասին:
Կառավարության հաղորդագրության մեջ նշվում է, որ Ուկրաինայի իշխանությունները չեն հերքել այդ մեղադրանքները։
«Այս շատ լուրջ պնդումները, որոնք չեն հերքվել կամ դատապարտվել ուկրաինական իշխանությունների կողմից, վկայում են Ուկրաինայի կառավարության կողմից Աֆրիկայում, Սահելում և, մասնավորապես, Մալիում ահաբեկչությանը բացահայտ պաշտոնական աջակցության մասին։ Իրավիճակի մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո Մալիի Հանրապետության անցումային կառավարությունն ընդգծում է, որ Ուկրաինայի իշխանությունների գործողությունները խախտում են Մալիի ինքնիշխանությունը, աջակցում են միջազգային ահաբեկչությանը, ինչը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է»,- ասված է հաղորդագրության մեջ։