Եվրամիությունը դիտարկում է Վրաստանին օգնությունը դադարեցնելու հնարավորությունը․ Ստանո
ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության ծառայության խոսնակ Պետեր Ստանոն հայտարարել է, որ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ուժի մեջ մտնելու ֆոնին Եվրամիությունը դիտարկում է Վրաստանին օգնությունը դադարեցնելու հնարավորությունը։
Ստանոն նշել է, որ ԵՄ դիվանագիտական ծառայությունը «լրջորեն մտահոգված է Վրաստանում տեղի ունեցող վերջին իրադարձություններով», և վիճահարույց օրենքի ուժի մեջ մտնելը «հետքայլ է» Եվրամիությանը երկրի ինտեգրման գործընթացում։
Ստանոյի խոսքով՝ կարճաժամկետ հեռանկարում ԵՄ-ն արդեն կրճատել է քաղաքական շփումները Վրաստանի իշխանությունների հետ, «բացառությամբ այն դեպքերի, որոնք ուղղված են ստեղծված իրավիճակից ելք գտնելուն»։
Ստանոն հայտնել է, որ ԵՄ-ն արդեն սառեցրել է 30 միլիոն եվրոյի ռազմական օգնությունը Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակում։