Ընդդիմադիր պատգամավոր Մհեր Մելքոնյանը հանդես է եկել անհիմն ու ստահոդ հայտարարությամբ. Էկոնոմիկայի նախարարություն
«Ընդդիմադիր լռակյաց պատգամավորի կողմից պետությունից ստացվող աշխատավարձն ու փոխհատուցումը որևէ կերպ արդարացնելու ցանկությունը, իհարկե, ողջունելի է, սակայն հարյուրավոր մարդկանց կողմից կատարված ու կատարվող աշխատանքը չտեսնելու միջոցով դա անելը անթույլատրելի է և’ քաղաքական, և’ բարոյական առումով, հատկապես, երբ դա արվում է մասնագիտական գիտելիքների տոտալ բացակայության պայմաններում։
Այս մասին «Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ հրապարակելով նախարարության հերքումը:
«ՀՀ ԱԺ-ի ընդդիմադիր պատգամավոր Մհեր Մելքոնյանը հանդես է եկել անհիմն ու ստահոդ հայտարարությամբ, որը տեղ է գտել նաև մամուլում՝ մեղադրելով պետությանը անգործության մատնված լինելու և Շիրակի մարզի բնակիչներին կրծողների դեմ պայքարում միայնակ թողնելու մեջ։
Էկոնոմիկայի նախարարության համար անթույլատրելի են հանրությանը մոլորության մեջ գցելու համանման փորձերը։
Կարևորելով մեր բնակիչների տեղեկացված լինելու իրավունքը՝ հայտնում ենք, որ.
1․ Նախարարության կողմից յուրաքանչյուր տարի հանրապետության բոլոր մարզերում մկնանման կրծողների հայտնաբերման նպատակով իրականացվում է մշտադիտարկում։ Միջին և բարձր վարակվածություն ունեցող հողատեսքերում պայքարի միջոցառումների իրականացման նպատակով մարզերին անհատույց հատկացվում է մկնասպան թունանյութ։
2․ Շիրակի մարզում գյուղատնտեսական նշանակության հողատեսքերում պայքարի միջոցառումներ իրականացվել են՝ 2021 թվականին շուրջ 8700 հա, 2022 թվականին՝ 5500 հա, 2023 թվականին՝ 24000 հա և 2024 թվականին միայն գարնանը՝ 13000 հա։ 2023 թվականի ընթացքում Շիրակի մարզում անհրաժեշտություն է առաջացել իրականացնել լրացուցիչ մշտադիտարկման և պայքարի միջոցառումներ, համապատասխանաբար, անհատույց հատկացվել է մկնասպան թունանյութ։
3․ Ինչ վերաբերում է ներկա իրավիճակին, ապա այս պահին Շիրակի մարզում նպատակահարմար չէ իրականացնել պայքարի միջոցառումներ, քանի որ մեկնարկել է բերքահավաքը։ Մկնանման կրծողների դեմ պայքարի միջոցառումների իրականացման նպաստավոր ժամանակաշրջանն է վաղ գարունը և ուշ աշունը։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից, համաձայն ժամանակացույցի, աշնանը նույնպես նախատեսվում է իրականացնել մշտադիտարկման և պայքարի միջոցառումներ մկնանման կրծողների դեմ։
Եվս մեկ անգամ հաստատում ենք, որ պետությունը մշտապես աջակցել և աջակցելու է ՀՀ քաղաքացիներին իրենց խնդիրների լուծման ճանապարհին, և հորդորում ենք անձնական, քաղաքական խնդիրներ լուծելիս զերծ մնալ չճշտված, մտացածին լուրերով հանրությանը ապակողմնորոշելու գործելաոճից»,- ասված է հաղորդագրության մեջ։