Արյան դոնորությունը կյանքեր փրկելու առաքելություն է. ոստիկանները մասնակցել են արյան հանձնման ակցիային
«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում արյան հավաքագրման միջոցառման շրջանակում ՆԳ նախարարության և Առողջապահության նախարարության համատեղ նախաձեռնությամբ՝ ոստիկանության մի շարք ստորաբաժանումներ կամավորականության սկզբունքով մասնակցել են արյան հանձման ակցիային։
«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանը նշելով, որ տարեցտարի ավելանում է արյան պահանջարկը, բնակչությանը հորդորում է չսպասել արտակարգ իրավիճակների և պարբերաբար արյուն հանձնել. «Հերթական անգամ մեզ օգնության հասավ ոստիկանության համակարգը։
Մոտ մեկ շաբաթ է՝ ոստիկանության տարբեր բաժանմունքներ կազմակերպում են արյունատվություն ՝ պարեկային ծառայությունը, ոստիկանական զորքերը, ակադեմիան, պետական պահպանության գլխավոր վարչությունը: Արդեն շուրջ 200 հոգի հանձնել է արյուն։ Որոշ չափով մեր պաշարները համալրվեցին. այս պահին խնդիր չունենք։ Պետք է բոլորս հասկանանք, որ արյունն ունի ժամկետ և սպառվում է , իսկ նմանատիպ ակիցիաները պետք է լինեն ոչ թե մեկանգամյա, այլ շարունակական»։