Երևանն ու Բաքուն երբեք այսքան մոտ չեն եղել խաղաղության պայմանագրին, միակ խոչընդոտը ՀՀ Սահմանադրությունն է. Էլչին Ամիրբեկով
Հայաստանը և Ադրբեջանը զգալի առաջընթաց են գրանցել խաղաղության պայմանագրի վերջնական ձևակերպման հարցում: Այս մասին Հադսոնի ինստիտուտում տեղի ունեցած քննարկումների ժամանակ ասել է այցով ԱՄՆ-ում գտնվող Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։
Նրա խոսքով՝ կողմերը երբեք այսքան մոտ չեն եղել խաղաղության պայմանագրին։
«Խաղաղության համաձայնագրի տեքստի մեծ մասը համաձայնեցված է։ Մնացած բոլոր հարցերը կարող են լուծվել, բայց մենք չենք կարող ավելի հեռուն գնալ և խաղաղության պայմանագիր կնքել՝ աչք փակելով այս հակամարտության բուն էկզիստենցիալ պատճառի վրա, այն է՝ Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված տարածքային պահանջները Ադրբեջանի նկատմամբ։ Մենք դեռ վստահ չենք Հայաստանի իշխանությունների անկեղծությանը, երբ նրանք ասում են, որ հրաժարվել են Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից, քանի որ ակնհայտ հակասություն կա նրանց պաշտոնական հրապարակային հռետորաբանության և սահմանադրական և իրավական դաշտի հետ առկա իրավիճակի միջև։ Այս հակասությունը պետք է լուծվի, որպեսզի ճանապարհ բացվի դեպի հնարավոր խաղաղություն», - նշել է նա:
Նրա պնդմամբ՝ վստահության ամրապնդման միջոց կարող է լինել, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի բացումը: Ըստ Ամիրբեկովի, միջանցքի բացումը կարող է փոխել խաղի կանոնները ամբողջ տարածաշրջանի համար:
«Սա շահեկան ծրագիր է: Հայաստանի կառավարությունը շատ է խոսում խաղաղության խաչմերուկի նախագծի մասին: Կարծում եմ, դրա իրականացման միակ ճանապարհը Հայաստանին թույլ տալն է բացել իր չորս սահմաններից երկուսը Ադրբեջանի և Թուրքիայի հետ», - եզրափակել է Ամիրբեկովը: