ՆԳ նախարարը Լոռու մարզում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել փրկարարների հետ
Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում` հուլիսի 30-ին, ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի ուղեկցությամբ, շրջել է Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչությունում, ծանոթացել շենքային պայմաններին ու տեխնիկական հագեցվածությանը։
Նախարարը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզային փրկարարական վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողների հետ։
Ողջունելով ներկաներին՝ ՆԳ նախարարը շնորհակալություն է հայտնել աղետի գոտում փրկարարների կողմից իրականացված անձնվեր ծառայության, ինչպես նաև աղետի հետևանքների վերացման աշխատանքներին աջակցելու համար։
Քննարկվել են անտառներում հրդեհների կանխարգելման, արագ արձագանքման վերաբերյալ հարցեր։
Խորհրդակցությանը քննարկվել են նաև կարգապահական, կադրային քաղաքականության, ինչպես նաև կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություն ներգրավելու վերաբերյալ հարցեր։
Անդրադարձ է կատարվել փրկարարների ատեստավորման գործընթացին, արդյունքում՝ սոցիալական երաշխիքների բարելավմանն ու մասնագիտական գիտելիքների կատարելագործմանը։ Ներկայացվել են ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումները, քննարկվել են ՆԳ նախարարության կազմում մեկ միասնական օպերատիվ կառավարման, այդ թվում՝ զանգերի կենտրոնի հետ կապված հարցեր։
Նույն օրը Վահե Ղազարյանն այցելել է նաև Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատ: Նախարարը հանդիպել է ջոկատի ծառայողների հետ, ծանոթացել շենքային պայմաններին ու տեխնիկական հնարավորություններին: Քննարկվել են շենքային և աշխատանքային պայմանների բարելավման վերաբերյալ հարցեր: