Արևմուտքի ազդեցությունը Հայաստանի ԶԼՄ-ների վրա ոչ մի լավ բանի չի հանգեցնի. ՌԴ ԱԳՆ
Հայաստանի, ինչպես և ցանկացած այլ երկրի մեդիառեսուրսների վրա Արևմտյան պետությունների ազդեցության աճը ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Անդրեյ Նաստասինը՝ մեկնաբանելով «Ազատություն» ռադիոկայանի նախկին աշխատակից, ԱՄՆ քաղաքացի Արմեն Քոլոյանի նշանակումը Հայաստանի Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի պաշտոնում։
Նաստասինը հավելել է, որ Միացյալ Նահանգները և Արևմուտքը նպատակ են հետապնդում ամենուր հասարակական կարծիքը շրջել Ռուսաստանի դեմ։
«Նրանք ցանկանում են նսեմացնել ռուս-հայկական դարավոր բարեկամության կարևորությունը և այն աջակցությունը, որ Մոսկվան ցուցաբերել և ցուցաբերում է եղբայրական Հայաստանին բոլորովին այլ ոլորտներում։ Մենք Երևանի հետ ունենք զանգվածային հաղորդակցությունների փոխգործակցության լավ ձևավորված մեխանիզմներ։ Մասնավորապես, գործում է մասնագիտացված միջկառավարական համաձայնագիր, պահպանվում է ակտիվ միջգերատեսչական երկխոսություն, ընթանում են շփումներ լրագրողների միջոցով»,- հավելել է նա։
Դիվանագետը հիշեցրել է, որ 2023 թվականին Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարությունների միջև տեղի են ունեցել խորհրդակցություններ արտաքին քաղաքական գործունեության տեղեկատվական աջակցության և ԶԼՄ-ների հետ աշխատանքի հարցերի շուրջ, ինչպես նաև մեդիա ֆորում է անցկացվել Երևանում։
«Մենք ակնկալում ենք, որ ապագայում կշարունակենք ի հայտ եկած խնդիրները լուծել մեր գործընկերների հետ զուտ պրոֆեսիոնալ կերպով», — եզրափակել է Նաստասինը: