Բացահայտվել են թմրամիջոցների ապօրինի ներթափանցման դեպքեր. ՔԿԾ-ում ամփոփվել են 2024-ի առաջին կիսամյակի արդյունքները
Քննարկվել է EuroPris-ի կառույցին Քրեակատարողական ծառայության անդամակցումը
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում Ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ծառայության՝ 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվության նիստ: Այս մասին տեղեկացնում են ՔԿԾ-ից:
Աշխատանքային նիստին մասնակցել են Ծառայության պետի տեղակալները, Ծառայության կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներն ու քրեակատարողական հիմնարկների ղեկավար անձնակազմը:
Հաշվետու զեկույցով բանախոսները ներկայացրել են համակարգում իրականացված աշխատանքները, արձանագրված ձեռքբերումները, նշված ժամանակահատվածում գրանցված ցուցանիշների համեմատական վերլուծությունը: Մասնավորապես՝ հանցավորության և արգելված իրերի ու թմրամիջոցների շրջանառության դեմ արդյունավետ պայքարի շրջանակներում բացահայտվել և կանխվել են ապօրինի ներթափանցման բազմաթիվ դեպքեր, տեսահսկման համակարգի միջոցով հայտնաբերվել են խախտումներ, որոնց վերաբերյալ կազմվել են հաղորդումներ և արձանագրություններ, անցկացվել են ծառայողական քննություններ, արդյունքում՝ կիրառվել են տարբեր տեսակի տույժեր:
Ներկայացվել են ազատազրկված անձանց վերասոցիալականացմանն ուղղված տարատեսակ միջոցառումները, կալանավորված անձանց և դատապարտյալների շրջանում իրականացված իրավական աջակցության, իրավաբանական խորհրդատվության արդյունքները, նրանց պահման պայմանների բարելավմանն ուղղված շինբարեկարգման աշխատանքները և այլն:
Նշվել են նաև ՀՀ Կառավարության որոշմամբ սահմանված քրեակատարողական ծառայողների ատեստավորման նոր կարգը, Ծառայության կանոնադրային պարտականությունների ուղղություններով իրականացված աշխատանքները և համակարգի համար կարևորություն ունեցող բազմաթիվ այլ փոփոխություններ:
Ի թիվս այլ կարևոր հարցերի՝ հատկապես քննարկվել են արձանագրված ինքնասպանության փորձերը, ինքնավնասման եղանակները, հացադուլ հայտարարելու դեպքերը, վերոնշյալ երևույթների դրդապատճառները, որոնց վերաբերյալ Ծառայության պետ Ամբակում Գրիգորյանն առանձնահատուկ շեշտադրել է կատարվող աշխատանքների արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը՝ շեշտելով, որ այդ պահանջը հավասարապես կիրառելի է նաև Ծառայության կառուցվածքային բոլոր օղակների նկատմամբ:
Նիստին անդրադարձ է կատարվել նաև սույն թվականին Քրեակատարողական ծառայության անդամակցմանը EuroPris-ի (Բանտերի և ուղղիչ հիմնարկների եվրոպական կազմակերպություն) կառույցին, որի հետ կառուցողական համագործակցումը նոր առավելություններ է տալու քրեակատարողական ոլորտի բարեփոխումներին:
Ամփոփելով Ծառայության՝ 2024 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները՝ Ծառայության պետի կողմից քրեակատարողական հիմնարկների և տարբեր ստորաբաժանումների պետերին տրվել են մատնանշված աշխատանքների մշակման ուղղություններով գրավոր հանձնարարականներ: