ՌԴ պետական ատրիբուտները պղծելու գործով վճիռ է հրապարակվել. միջպետական սկանդալի հետքերով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս տարվա փետրվարի 1-ին ՌԴ դրոշի ատրիբուտները պղծող ՀՀ քաղաքացի Սամվել Շիրինյանի գործով դատարանը վճիռ է կայացրել:
Սամվել Շիրինյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման համար, եւ նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկումը` 1 տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ Սամվել Շիրինյանի նկատմամբ նշանակված ազատազրկման ձեւով պատիժը պայմանականորեն չի կիրառվել` սահմանելով փորձաշրջան 3 տարի ժամկետով:
Ինչպես հայտնի է` Հայաստանում Ռուսական տան ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին՝ Երեւանում Լենինգրադի պաշարման ժամանակ զոհված երեխաների հիշատակին նվիրված հուշակոթողի նկատմամբ անհարգալից միջադեպի գործով։
«Ազգամիջյան ատելություն հրահրելը եւ բռնության կոչերը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի դեպքերի հիման վրա, անընդունելի են։ Տեղի ունեցածի մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Պարզվել էր, որ հունվարի 27-ին քաղաքացի Սամվել Շիրինյանը ցուցադրաբար պոկել եւ տրորել է Ռուսաստանի Դաշնության դրոշը խորհրդանշող ժապավենները, տապալել է ծաղկեպսակները՝ այդ ամենն ուղեկցելով Ռուսաստանի հասցեին վիրավորական մեկնաբանություններով եւ իր գործողությունը Tik Tok սոցիալական ցանցում տեղադրելով»,- գրել էր նա:
ArmLur.am-ը հայտնել էր, որ Սամվել Շիրինյանը հայտնաբերվել էր Բագրատաշենի անցակետից. նա ցանկացել էր հատել ՀՀ սահմանը, սակայն իրավապահները կարողացել էին կանխել նրա փախուստը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: