Լատինական Ամերիկայի մի շարք երկրներ չեն ճանաչել Վենեսուելայում նախագահի ընտրության արդյունքները
Վենեսուելայում բողոքի զանգվածային ցույցեր են սկսվել, երբ երկրի ընտրական հանձնաժողովը հայտարարել է նախագահի ընտրությունում ձայների մեծամասնությամբ գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյի հաղթանակի մասին։
CNN-ի տվյալով՝ մայրաքաղաք Կարակասում և այլ բնակավայրերում ընդդիմադիրները մեղադրում են Մադուրոյին ընտրության արդյունքները կեղծելու համար: Ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև բախումներ են եղել, իրավապահները ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ են կիրառել, ցուցարարներն էլ քարեր և ինքնաշեն ռումբեր են նետել ոստիկանության ուղղությամբ։ Հայտնի է զոհերի և վիրավորների մասին, այդ թվում՝ իրավապահների շրջանում: Կորո քաղաքում էլ ակցիայի մասնակիցները քանդել են նախկին նախագահ Ուգո Չավեսի արձանը։ Մադուրոն դիմել է ժողովրդին և հայտարարել, որ «պետական հեղաշրջման» փորձ է արվում:
Արգենտինան, Դոմինիկյան Հանրապետությունը, Կոստա Ռիկան, Պանաման, Պերուն, Ուրուգվայն ու Չիլին չեն ճանաչել Վենեսուելայի նախագահի ընտրության արդյունքները։ Մադուրոյի կառավարությունն էլ որոշել է հետ կանչել իր դիվանագետներին այդ երկրներից։
Վաշինգտոնն իր հերթին կոչ է արել Վենեսուելայի իշխանությանը հրապարակել քվեարկության արդյունքները՝ ըստ տեղամասերի։ Հակառակ դեպքում, ըստ CNN-ի, Բայդենի վարչակազմը չի բացառել նոր պատժամիջոցների սահմանումը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Մադուրոյին՝ վերընտրվելու կապակցությամբ։