Հնդկաստանում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 54-ի
Հնդկաստանի հարավային Կերալայի նահանգում սողանքի զոհերի թիվը հասել է 54-ի, ավելի քան 100 մարդ հոսպիտալացվել է։ Այս մասին հաղորդում է Asianet լրատվական հարթակը։
Սողանքն իջել է նահանգի հյուսիս-արևելյան Վայանադի շրջանի բլրաշատ տեղանքում: Ավելի քան 50 տուն և բազմաթիվ մեքենաներ անցել են սողանքի տակ։ Սողանքի շրջանում քանդվել է կամուրջը, ինչը դժվարացնում է փրկարարների մուտքն արտակարգ պատահարի վայր։ Որոնողափրկարարական գործողություններին խոչընդոտում են նաև հորդառատ անձրևները։
Ըստ տեղի իշխանությունների՝ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ հարյուրավոր մարդիկ կարող են գտնվել փլվածքների տակ: Արտակարգ պատահարի վայրում աշխատում են փրկարարները։ Նրանց են միացել զինվորականները, ուղարկվել են ռազմաօդային ուժերի երեք ուղղաթիռներ։
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և հայտարարել դրամական փոխհատուցումների մասին։