Լեհաստանի ԱԳՆ-ն Հունգարիային առաջարկել է դուրս գալ Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից
Լեհաստանի փոխարտգործնախարար Վլադիսլավ Բարտոշևսկին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին առաջարկել է իր երկիրը դուրս բերել Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից ու դաշինք ստեղծել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Ես իսկապես չեմ հասկանում, թե ինչու է Հունգարիան ցանկանում մնալ այն կազմակերպությունների անդամ, որոնք իրեն այդքան էլ դուր չեն գալիս, և որոնք, իբր, վատ են վերաբերվում իրեն: Ինչո՞ւ Օրբանը դաշինք չի ստեղծում Վլադիմիր Պուտինի և մյուս ավտորիտար պետությունների ներկայացուցիչների հետ»,- ասել է Բարտոշևսկին։ Դիվանագետն Օրբանի քաղաքականությունն անվանել է «հակաեվրոպական, հակաուկրաինական և հակալեհական»։
Փոխարտգործնախարարը նաև հիշեցրել է, որ Հունգարիայի վարչապետը ներկայումս արգելափակում է 2 միլիարդ զլոտին (468 միլիոն եվրո), որը ԵՄ-ն Լեհաստանին է տալու Ուկրաինային փոխանցված ռազմական տեխնիկայի փոխհատուցման շրջանակում:
Հունգարիայի վարչապետը, ելույթ ունենալով Ռումինիայի Տրանսիլվանիայի համալսարանում, քննադատել է, իր կարծիքով, ԵՄ-ի և ամբողջ Արևմուտքի սխալ քաղաքականությունը, ինչպես նաև Լեհաստանի «երեսպաշտությունը»: «Լեհերը երկերեսանի քաղաքականություն են վարում, մեզ քննադատում են Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների համար, բայց միջնորդների միջոցով բիզնես են անում Ռուսաստանի հետ»,- ասել է Օրբանը։
Հունգարիայի կառավարության ղեկավարը մեկ անգամ ևս բարձր է գնահատել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունները, հանդես է եկել ի պաշտպանություն Ռուսաստանի և ասել, որ Ուկրաինան, իբր, «չի դառնա ԵՄ-ի կամ ՆԱՏՕ-ի անդամ»։