Հնդկաստանի վարչապետը կայցելի Ուկրաինա
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին օգոստոսին կայցելի Ուկրաինա՝ հայտնում են լրատվամիջոցները՝ հավելելով, որ այցի ընթացքում նա կարող է Նյու Դելիի միջնորդությունն առաջարկել ուկրաինական հակամարտության լուծման գործում:
Հնդկական WION պարբերականը, վկայակոչելով Նյու Դելիում իր դիվանագիտական աղբյուրներին, գրել է, որ Մոդիի ուղևորությունը նախապատրաստման փուլում է և, ենթադրաբար, տեղի կունենա օգոստոսի 23-ին: Դա կլինի Հնդկաստանի վարչապետի առաջին այցն Ուկրաինա՝ պատերազմի մեկնարկից ի վեր։
Ռուսական ТАСС գործակալությունը, վկայակոչելով Հնդկաստանի խորհրդարանում իր աղբյուրը, նշել է, որ Մոդին կարող է Մոսկվային և Կիևին առաջարկել իր միջնորդությունը խաղաղ բանակցություններում:
«Հնդկաստանը բարեկամական հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, իսկ վարչապետը լավ հարաբերություններ ունի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ընդ որում՝ Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի նաև Ուկրաինայի հետ։ Հնդկաստանին վստահում են երկու երկրները»,- նշել է ТАСС-ի զրուցակիցը։