«1000 հեկտար վարելահողից 600-ը պարա՞պ է. այսպիսի բան չպետք է լինի». Փաշինյան (տեսանյութ)
Հիմա էս գազամուղը ձեզ համա՞ր են կառուցում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 26-ին, Արմավիրի մարզ կատարած այցի ժամանակ դիմելով Արաքս գյուղի բնակիչներից, հարցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ զարմացավ, որ գյուղը մինչեւ հիմա գազ չունի:
Գյուղացիները շնորհակալություն հայտնեցին գյուղը գազով ապահովելու համար:
Փաշինյանը հետաքրքրվեց, թե մինչեւ հիմա ինչպես են ապահովել ջերմոցային տնտեսությունների գործունեությունը. «Իսկ ինչո՞ւ չեք փորձում արեւային էներգան օգտգործել»,- հարցրեց Փաշինյանը եւ ստացավ պատասխան. «Ջերմոցի մեջ իրեն չի արդարացնում: Նույբնիսկ արեւային ջրատաքացուցիչներով փորձեցինք, չարդարացրեց: Ծախսերը շատ էին, ինքն այնքան չէր ապահովում տաք ջուր»:
Մեկ ուրիշն էլ հավելեց. «500 հազարի ցախը թափում էինք, մեկ սենյակ էինք տաքացնում տանը, իսկ հիմա 250-300 հազարով ակուրատնի բաքսիով ամբողջ տունը կտաքացնենք: Շատ շնորհակալ ենք»:
Փաշինյանը ցույց տվեց դիմացի հողատարածքները եւ ասաց. «Այսպիսի բան չպետք է լինի: հասկացանք, որ մասնավոր սեփականություն է, բայց հողը չպետք է պարապ մնա: Եթե չեք օգտագործում, տվեք ուրիշն օգտագործի»:
Նշվեց, որ կոնկրետ Արաքս գյուղն ունի հազար հեկտար վարելահող, որից 600 հեկտարը պարապ է, ջրի խնդիր կա:
Փաշինյանը զարմացավ. «1000 հեկտարից 600-ը պարա՞պ է»: