Թուրքիայում ձերբակալվել է ՌԴ քաղաքացի
Թուրքիայում ձերբակալվել է Ռուսաստանի քաղաքացի, որը կասկածվում է Մոսկվայում ավտոմեքենայի պայթեցման համար: Այդ մասին X սոցիալական հարթակում տեղեկացրել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։
Կասկածյալը Եվգենի Սերեբրյակով է, նա Թուրքիա է ժամանել Մոսկվա-Բոդրում չվերթով։
Ավելի վաղ ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը հայտարարել էր, որ կասկածյալը փախել է Թուրքիա։
Մեքենան պայթեցվել էր հուլիսի 23-ին՝ Մոսկվայի հյուսիսային հատվածում։ Երկու մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Նրանց անունները չեն հրապարակվում, սակայն լրատվամիջոցների տվյալով՝ տուժածները ռուսական հատուկ ծառայությունների աշխատակիցներ կամ զինվորականներ են եղել։