ՀՀ-ն հանձնառու է պայմանավորվածությունների կատարմանը և նույնն ակնկալում է Թուրքիայից. ԱԳՆ
Հայաստանի Հանրապետությունը հանձնառու է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների կատարմանը և Անկարայից էլ նույնն է ակնկալում: Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են արտաքին գործերի նախարարությունից։
ՀՀ ԱԳՆ-ից պարզաբանել են, որ Երևանն Անկարայից նույն հանձնառությունն ու պատրաստակամությունն է ակնկալում, այդ թվում` նաև երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար հայ-թուրքական ցամաքային սահմանի բացման հարցում:
Ինչ վերաբերում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցով հատուկ ներկայացուցիչների հանդիպմանը, ապա ԱԳՆ-ում նշել են, որ հստակ պայմանավորվածության առկայության պարագայում հանրությունը կիրազեկվի պատշաճ ժամկետում։